Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը մտահոգություն է արտահայտում հայկական առանձին ԶԼՄ-ների կողմից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի Մարգանեց քաղաքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ անհիմն լարվածություն առաջացնելու առնչությամբ:
2009 թ.-ի հունիսի 29-ին, Մարգանեցի միլիցիայի քաղաքային բաժին ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ տեղական սրճարաններից մեկում կռիվ է ծագել: Անհապաղ դեպքի վայր է ժամանել քննիչ-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սրճարանում հանգստացել են տեղի բնակիչների երկու խումբ, որոնց կազմում եղել են նաև Ուկրաինայի հայազգի բնակիչներ: Հանկարծ նրանց միջև կենցաղային բնույթի վեճ է ծագել, որը կամաց-կամաց կռվի է վերածվել: Պարեկային ծառայության տեսուչ միլիցիայի 22-ամյա սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն, ով ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, փորձել է հանգստացնել վիճաբանող կողմերին: Խառնաշփոթի ժամանակ հայազգի մասնակիցը դանակով մահացու վնասվածք է հասցրել միլիցիայի աշխատակցին ուղիղ սրտի մեջ: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 115 հոդվածի առաջին մասով «Դիտավորյալ սպանություն»/:
Միաժամանակ բժշկական հաստատության շենքի մոտ են ժամանել տուժածների հարազատներն ու ծանոթները, որոնց միջև ծագել է հերթական վեճը, որն ուղեկցվել է խուլիգանական դրսևորումներով: Մասնավորապես, վնասվել է 5 մեքենա: Հաղորդագրության համաձայն, հասարակական կարգի խմբակային խախտումները կասեցնելու նպատակով, իրավապահ մարմինները համապատասխան նախազգուշական-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ուկրաինական դեսպանատանը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն ուրբաթ հեռախոսային զրույց է ունեցել Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի ՆԳՆԳՎ պետ Անատոլի Նաումենկոյի հետ, որի ընթացքում վերջինս հավաստել է, որ իրավիճակը Մարգանեց քաղաքում հանդարտ է, իրադրությունը վերահսկվում է ՆԳ մարմինների կողմից:
Ընդ որում ընդգծվել է, որ ոչ մի հայկական տուն չի տուժել, այդ իսկ պատճառով էլ որևէ «հայերի զանգվածային ջարդերի» մասին խոսք անգամ լինել չի կարող, ինչպես այդ մասին հայտնում են անբարեխիղճ ԶԼՄ-ները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 28-ի ծեծկռտուքին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձություններին մասնակից բոլոր անձինք կպատժվեն Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան:
Նաումենկոն նշել է, մասնավորապես, որ հունիսի 28-ի ծեծկռտուքին երկու կողմից էլ հայազգի մարդիկ են մասնակցել, այդ իսկ պատճառով ոչ մի ազգամիջյան հակամարտության մասին խոսք լինել չի կարող:
Հիշատակված իրադարձությունը Մարգանեցի քաղաքային խորհրդի քննարկման թեման է դարձել, որի ընթացքում ելույթ ունեցողները քաղաքի բնակիչներին սթափության և միմյանց հանդեպ ցուցաբերվող անզսպությունը կասեցնելու կոչ են արել, իրավական համապատասխան մարմիններին էլ կոչ են արել համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին:
Բոժկոն նաև հեռախոսզրույց է ունեցել Ուկրաինայի Մարգանեց քաղաքի հայկական համայնքի գործադիր տնօրեն Անահիտ Արզումանյանի հետ, ով նույնպես հայտնել է իր անհամաձայնությունը բախումը որպես ազգամիջյան որակելու հանգամանքին՝ ընդգծելով, որ դնեպրոպետրովցի հայերին ոչինչ չի սպառնում, ինչպես նաև տարակուսանք է հայտնել որոշ ԶԼՄ-ների կողմից այս զգայուն թեմայի շուրջ իրավիճակը սրելու առնչությամբ:
«Այս կապակցությամբ Ուկրաինայի դեսպանատունը դիմում է Հայաստանի Հանարապետության զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ տվյալ իրադարձություններն ավելի հավասարակշռված լուսաբանելու և այնտեղ, որտեղ չկա անվստահություն և թշնամանք, դրանք սերմանելու խնդրանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-