Երևանում, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում շաբաթ օրը կկայանա հայոց թագավոր Սբ. Տրդատի, թագուհի Աշխենի և Խոսրովիդուխտ կույսի հիշատակի օրվան նվիրված նկարիչ Տիգրան Սահակյանի լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն եկեղեցիների, բնության, կենդանիների, ճանապարհի, Մեղրիի հին քաղաքի յուրահատուկ լուսանկարներ:
Բացի այդ, ցուցահադեսին ներկայացված են լինելու Մեղրիի Ս. Աստվածածին եկեղեցու մանրանկարները, որոնք 18-րդ դարի կեսին պատկերվել են Հովնաթանյանների կողմից, ինչպես նաև 1251թ. կառուցված Խորակերտ եկեղեցին, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանին: Այս եկեղեցին մի շարք այլ հայկական եկեղեցիների հետ Վրաստանը պահանջում է ճանաչել իբրև վրացական:
Նկարահանումներն այս եկեղեցում գաղտնի են կատարվել:
Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաեւ Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները:
Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Սբ. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, իրենց արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Սբ. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Սբ. Էջմիածնի կառուցմանը:-0-