Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 60 մլն դոլար վարկ տրամադրելու որոշումը Զարգացման քաղաքականության երեք նմանատիպ օպերացիաներից առաջինի (First Development Policy Operation – DPO-1) շրջանակներում, որոնք կտրամադրվեն Հայաստանին երեք տարվա ընթացքում, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը։
Վարկը Հայաստանին կտրամադրվի 0,75 տոկոս տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով 10-ամյա արտոնյալ ժամանակահատվածով։ «Հաջորդ երկու տարիներին կմշակվեն համապատասխան ծրագրեր և կհստակեցվի դրանց արժեքը, սակայն բոլոր երեք DPO ընդհանուր գումարը պետք է սահմանափակվի 100 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Վարուդակիսը։
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի խոսքերով, DPO-1-ը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ համաշխարհային ճգնաժամի ազդեցության մեղմացումը բնակչության անապահով շերտերի համար, ինչպես նաև Հայաստանին աջակցության ցուցաբերումը հետճգնաժամային ժամանակահատվածում տնտեսական աճի ապահովման գործում երկրի մրցունակության բարելավման և տնտեսության բոլոր ոլորտներում ներդրումների ներգրավման միջոցով։
Այս կապակցությամբ Վարուդակիսը պարզաբանեց, որ անապահով խավերին աջակցության գծով նախատեսվում է մեծացնել սոցապահովման ծրագրերին, այդ թվում՝ աղքատության ընտանեկան նպաստներին, թոշակային համակարգին և սոցապահովման ցանցին ուղղվող ֆինանսական միջոցների ծավալը։
«Հայաստանի մրցունակության բարձրացման միջոցով տնտեսական աճի արագ տեմպերի վերականգնումն ապահովելու համար DPO-1-ը կուղղվի, մասնավորապես, բիզնեսի կազմակերպման գծով ծախսերի կրճատմանը և Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի հետևողական արդիականացմանը»,- նշեց Վարուդակիսը։
1992 թվականից Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 1,25 մլրդ դոլարի վարկեր։ -0-