Հայաստանը շատ կարևոր երկիր է Հարավային Կովկասի անվտանգության համակարգի համար, կարծում է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսը։
«Հայաստանը շատ կարևոր երկիր է Հարավային Կովկասի անվտանգության համար։ Մենք գիտենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին և հաջողություն ենք մաղթում երկկողմ հարաբերությունների հաստատման գործում»,- ասաց նա ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բակոյանիսը նաև բարձր գնահատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներդրումը հունիսի 27-28-ը հունական Կորֆու կղզում անցկացված ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ Միաժամանակ հույն նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կորֆուում անցել է կառուցողական մթնոլորտում։
ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես հույս հայտնեց Հայաստանի աջակցության առնչությամբ Եվրոպայում անվտանգության համակարգի ընդլայնման գործընթացում։ Միաժամանակ Բակոյանիսը հատուկ կարևորություն տվեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բացմանը, որն, իր կարծիքով, կաշխատի համաշխարհային ճգնաժամի հետևանքների հաղթահարման, Ոստիկանության մարմիններին աջակցություն ցուցաբերելու և Հայաստանում բաց քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ։
Հունաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսն աշխատանքային այցով հուլիսի 2-3-ը գտնվում է Հայաստանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։ -0-