ԵԱՀԿ և Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության աջակցությամբ Երևանում առաջիկա ամիսներին Դիվանագիտական դպրոց կբացվի, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Հայաստանի ԱԳՆ-ը` ԵԱՀԿ-ի և Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ համատեղ, նախատեսում է դիվանագիտական դպրոց բացել Երևանում առաջիկա ամիսներին։ Մենք շնորհակալ ենք նրանց այդ ծրագրի իրականացմանն աջակցելու համար»,- ասաց նախարարը ուրբաթ Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսն աշխատանքային այցով հուլիսի 2-3-ը գտնվում է Հայաստանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։
Հայ նախարարը տեղեկացրեց, որ բացի Երևանում դիվանագիտական դպրոց բացելուց հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, ԵԱՀԿ հետ համատեղ իրականացվող ծրագրերին, նոր նախագծերին վերաբերող հարցեր։
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որի առնչությամբ բանակցությունները տարվում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում միջնորդների աջակցությամբ։
Նալբանդյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարները։
«Բանակցությունների ընթացքում ես առիթից օգտվեցի և շնորհակալություն հայտնեցի Բակոյանիսին այն նախաձեռնության համար, որի շնորհիվ ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավաքվեցին Կորֆու կղզում՝ քննարկելու հյուսիսատլանտյան տարածաշրջանում անվտանգության նոր համակարգի ստեղծման հարցերը։ Հայաստանը Կորֆուում ներկայացրեց իր տեսակետները»,- նշեց նա։
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ հունական կղզում հունիսի 27-28-ը։
Նալբանդյանը հայտնեց նաև, որ Բակոյանիսի հետ երևանյան հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց նրան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության և տարածաշրջանում կառույցի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համար։ -0-