Բելառուսը ֆաշիստ զավթիչներից ազատագրելու 65-ամյակն ուրբաթ կնշեն Հայաստանում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Բելառուսի դեսպանատան մամուլի ծառայությունից, ուրբաթ Խորհրդային Միության Մարշալ, Խորհրդային Միության կրկնակի Հերոս, Բելառուսական Երրորդ ռազմաճակատի հրամանատար Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի մոտ պատերազմի վետերանները, հրամանատարի մտերիմներն ու Բելառուսի դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ կդնեն:
Բելառուսի ազատագրմանը մասնակցած հայ վետերանները Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում Բելառուսի դեսպանատան կողմից հուլիսի 3-ին կազմակերպված պաշտոնական ընդունելության պատվավոր հյուրերը կդառնան:
1944թ.-ի հուլիսի 3-ին Բելառուսի պատմության մեջ ամենահիշարժան և նշանակալի տարեթվերից մեկն է: 65 տարի առաջ հենց այս օրը տեղի ունեցավ բելառուս ժողովրդի համար ամենանշանակալի իրադարձությունը՝ գերմանացի ֆաշիստ զավթիչներից Բելառուսի ազատագրումը:
Ինչպես նշեցին դեսպանատնից, Բելառուսում առանձնահատուկ վերաբերմունք կա այս տոնի նկատմամբ: Գտնվելով կարևորագույն եվրոպական ճանապարհների խաչմերուկում՝ Բելառուսը բազմաթիվ արյունահեղ պատերազմների միջով է անցել: Պատմաբանների տվյալներով՝ Բելառուսի քաղաքներն ու գյուղերը 11-րդ դարից սկսած ամբողջովին ոչնչացվել են դարաշրջանի ընթացքում միջինը երեք անգամ:
1941թ.-ի հունիսի 22-ին Բելառուսն առաջինն իր վրա զգաց 20-րդ դարի ամենահզոր ռազմական մեքենայի՝ հիտլերյան Գերմանիայի հարվածը, սակայն չընկրկեց և չնահանջեց: Առաջինից մինչև վերջին կրակոցը բելառուս ռազմիկները դիմագրավում էին զավթիչներին, պատմությունը պատերազմի ընթացքում բելառուսական հողի վրա նման զանգվածային պարտիզանական շարժում չէր տեսել:
Բելառուսի տարածքում ընթացող մարտերի ժամանակ զոհվեց շուրջ մեկ միլիոն ռազմիկ, հրամանատար, պարտիզան և ընդհատակում գտնվող, սպանվեց շուրջ 3 միլիոն բնակիչ և ռազմագերի: Հայրենական Մեծ պատերազմն այնպիսի վնաս հասցրեց Բելառուսին, որ հանրապետությունը ստիպված եղավ նորից ոտքից կանգնել:
1944թ.-ի հունիսի 23-ին սկսվեց Բելառուսական հարձակողական գործողությունը՝ «Բագրատիոն» գաղտնի անվանումով: 1944թ.-ի հուլիսի 3-ին ազատագրվեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկը:
Հենց այդ պատճառով ժողովրդի ցանկությամբ Մինսկի ազատագրման օրը պաշտոնապես տոնվում է որպես Բելառուսի Հանրապետության Անկախության Օր:
1944թ.-ի հունիս-հուլիսին «Բագրատիոն» գործողության ընթացքում խորհրդային զորքը պարտիզանական միավորումների հետ միասին ամբողջովին ազատագրեց Բելառուսը: Բելառուսի ազատագրման համար պայքարում էին բազմաթիվ ազգությունների ներկայացուցիչներ, նրանց թվում էին նաև հայ ժողովրդի լավագույն զավակները, ովքեր պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով ռազմական սխրագործությունների համար:
Բելառուսի ազատագրման 65-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցում են տարբեր երկրների պատվիրակություններ, ԱՊՀ երկրներից, ինչպես նաև Եվրոպայից ժամանած պատերազմի վետերաններ, ովքեր մասնակցել են Բելառուսի ազատագրմանը:
Հանդիսավոր միջոցառումների պատվավոր հյուրերի և մասնակիցների կազմում են Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում նաև Հայրենական Մեծ պատերազմի և Հայաստանի ԶՈՒ վետերանների կոմիտեի նախագահ Գ. Հովհաննիսյանն ու Հայրենական Մեծ պատերազմի վետերան Մ. Բեկչյանը:-0-