Հայ մանրանկարիչ Էդվարդ Խանոյանի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը տեղի է ունեցել հինգշաբթի Երևանում գտնվող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում:
Խանոյանի խոսքերով, նա ուրախությամբ է ընդունել Հայաստանում ՌԴ դեսպանատան՝ ցուցահանդեսի կազմակերպման առաջարկը՝ նշելով, որ ապագայում ծրագրում է ցուցահանդես կազմակերպել նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Սա Հայաստանում մանրանկարչի թվով երրորդ ցուցահանդեսն է, որի ժամանակ նա ներկայացրել է խաչերի վերջին մանրանկարները:
Խանոյանը մասնագիտությամբ ոսկերիչ է: 1998թ.-ից սկսել է զբաղվել մանրանկարչությամբ և միաժամանակ հուշանվերների ձևավորումով:
Այս պահի դրությամբ նա ավելի քան 5 հազար մանրանկար խաչերի հեղինակ է, որոնցից ամենամեծն այժմ գտնվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյանների միաբանությունում:
Խանոյանն իր աշխատանքների համար պարգևատրվել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի և ՀՀ մշակույթի նախարարության մի քանի բարեգործական պատվոգրերով և դիպլոմներով:
Ցուցահանդեսին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Հայաստանում ռուսական և բելառուսական սփյուռքի ներկայացուցիչներ:
Մանրանկարչի խոսքերով, վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:-0-