Հաղպատի վանքում տեղեկատվական վահանակներ են տեղադրվել AMAP ծրագրի շրջանակներում

03.07.2009, 13:03
Հաղպատի վանքում տեղեկատվական վահանակներ են տեղադրվել AMAP ծրագրի շրջանակներում

AMAP մշակութային հասարակական կազմակերպությունը (Armenian Monuments Awareness Project) «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» շրջանակներում բացօթյա բազմալեզու վահանակներ է պատրաստել և տեղադրել Հաղպատի վանքում:

 

Հաղպատի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից է, այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Վանքը եղել է ժամանակի խոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մեկը: Մեծ համբավ է վայելել վանքի հարուստ ձեռագրատունը: 18-րդ դարում որպես կրոնավոր վանքում ապրել է հայտնի և չափազանց սիրված աշուղ Սայաթ-Նովան:

 

Հաղպատում AMAP ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 11-ին: Միջոցառման ընթացքում կներկայացվեն Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մի քանիսը:

Շնորհանդեսը կսկսվի ծառատունկով և կշարունակվի տոնական ելույթներով:

2008 թ.-ին ծրագրի ընթացքում բազմալեզու տեղեկատվական վահանակներ և ճանապարհային ցուցանակներ տեղադրվել են Գառնիում, Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում, Զվարթնոցում, Խոր Վիրապում և Նորավանքում:

 

2009 թ.-ին ծրագրում ընդգրկվել է ևս 14 հնավայր, այդ թվում` Քարահունջը, Ամբերդը, Գեղարդը, Տաթևի վանքը և կիրճը, Սևանավանքը, Գոշավանքը և այլն: Նշվելու է Հայաստանի Մետաքսի ճանապարհը` Վրաստանից մինչև Իրան:

 

Ծրագրի հովանավորներ են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, USAID-CAPS-ը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ:-0-