ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում տեղի ունեցած ընդհարման արդյունքում ոստիկանության աշխատակից է տուժել, ասվում է ՀՀ ոստիկանության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, նախօրեին ՀՀ ոստիկանության մի քանի աշխատակից Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նկատել են շուրջ 60 վիճաբանող քաղաքացու:
«Մոտենալով նրանց` ցույց են տվել ծառայողական վկայականները և պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջինների վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, ոստիկանները փորձել են բերման ենթարկել միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին, ինչը նրանց չի հաջողվել, և դիմադրություն ցույց տվող քաղաքացիները դիմել են փախուստի:
Միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել, իսկ մեկը անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բուժօգնության են դիմել նաև Սահակ Մ.-ն, Հերբերդ Գ.-ն և Տիգրան Ա.-ն և բուժօգնություն ստանալով` հեռացել են հիվանդանոցից:
Պարզվել է, որ նրանք ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տվող անձինք են եղել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:-0-