ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ, ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղայի հետ հանդիպման ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-սիրիական հարաբերությունները. «Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ և փոխադարձ համակրանքով, իսկ ս.թ. հունիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար»,- ընդգծել է նախարարը:
Նախարար Ռիադ Նասսան Աղան էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան:
Նասսան Աղան նախարար Նալբանդյանին ներկայացրեց Երևանում Սիրիայի Մշակութային շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները` ընդգծելով մշակութային ոլորտում փոխանակումների ակտիվացումը` որպես բարեկամական ջերմ հարաբերությունների ևս մեկ խորհրդանիշ:
Նախարար Ռիադ Նասսան Աղան կարևորեց Սիրիայի հայկական համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի զարգացման գործում: -0-