«Կենգուրու-2009» ամենամյա միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցած հայ դպրոցականները զանգվածային մանկական շարժում են կազմակերպել Հայաստանում, ասաց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ քահանա Մեսրոպ Արամյանը:
Պաշտոնապես առաջին անգամ Հայաստանում անցկացված մրցույթին, որի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է, իսկ գլխավոր գործընկերը՝ ՎՏԲ-Հայաստան բանկը, մասնակցեց Հայաստանի 570 դպրոցի 3-11-րդ դասարանների 30567 աշակերտ:
«Նման քանակի դպրոցների մասնակցությունն ապահովվել է բացառապես իրենց՝ դպրոցականների մրցույթին մասնակցելու ցանկության հիման վրա»,- հինգշաբթի ասաց Արամյանը մրցույթի 14 հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ:
Ընդգծելով մրցույթին մարզերի դպրոցականների աննախադեպ ակտիվությունը՝ նա կարևորեց այն, որ հայ երեխաները ոչ միայն տաղանդավոր են, այլև պատասխանատվության զգացողություն և փոփոխությունների ձգտում ունեն:
«Կարծում եմ, որ բոլոր այն դպրոցները, որոնք մասնակցել են մրցույթին, հստակեցրեցին իրենց համար, թե ինչպես է պետք կազմակերպել միջազգային մրցույթները Հայաստանում այնպես, որ դրանք իսկապես տոն դառնան երկրի մասշտաբով»,- ասաց նա:
Ընդ որում, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը հույս հայտնեց, որ հաջորդ տարի Հայաստանը կկարողանա ավելի բարձր արդյունքներ ցուցադրել, քանի որ այսօր արդեն լիովին ձևավորված է երկրում դրա անցկացման ողջ տեխնոլոգիան:
Արամյանը հավելեց նաև, որ «Կենգուրուն» ամենազանգվածային մրցույթն է ամբողջ աշխարհում, դրան մասնակցելու համար պահանջվում են ոչ թե մաթեմատիկայի խոր գիտելիքներ, այլ տրամաբանորեն մտածելու կարողություն:
Այս առնչությամբ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքերով մրցույթին մասնակցելու ամենագլխավոր պայմանն ու դրա առանձնահատկությունն այն է, որ ցանկացած մասնակից հաղթող է ոչ միայն այն պատճառով, որ նա իր ուժերն է փորձում մյուսներին հավասար, այլև այն պատճառով, որ յուրաքանչյուր մասնակից անկախ արդյունքից մասնակցության վկայական և փոքր հուշանվեր է ստանում անմիջապես մրցույթի օրը:
Նա հայտնեց նաև, որ մրցույթի թեստերի առաջադրանքները նույնն են բոլոր մասնակից-երկրների համար և մշակվում են բոլոր երկրների ներկայացուցիչների համատեղ ջանքերով:
«Մրցույթի շուրջ 50 մասնակից-երկրների մաթեմատիկոսներ ամենամյա ֆորումի ժամանակ ներկայացնում են իրենց առաջարկները տրամաբանական առաջադրանքներով թեստերի բովանդակության վերաբերյալ, և համաժողովի աշխատանքի շրջանակներում մշակվում է դրանց վերջնական տարբերակը, որը նույնն է բոլոր երկրների համար»,- պարզաբանեց Սահակյանը:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն անցկացվել է 2009 թվականի մարտի 19-ին, որին մասնակցել է շուրջ 5 մլն դպրոցական աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռումնինիայում, Վրաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում և Իսպանիայում։ Ըստ մասնակցության գործակցի, Հայաստանում կայացած մրցույթը ճանաչվել է երկրորդը Եվրոպայում։
Առաջին անգամ «Կենգուրու» մրցույթը կազմակերպվել է 1991 թվականին Փարիզում, իսկ 1994 թվականից այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ -0-