Երևանում ՎՏԲ- Հայաստան Բանկի անունից մրցանակներ են շնորհվել «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակիցներին։
«Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Կենգուրու» մրցույթին Հայաստանում մասնակցեց 3-11 դասարանների 30567 աշակերտ հանրապետության 570 դպրոցից։ Մրցույթի գլխավոր հովանավորն էր ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ը։
«Այն, որ տվյալ մրցույթն անցկացվեց Հայաստանում առաջին անգամ, և այն, որ դրան մասնակցեցին մեծ թվով դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից, լուրջ նախադեպ է հանդիսանում»,- հինգշաբթի ասաց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը 14 հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ։
«Այս միջոցառումը կարևոր է նաև այն առումով, որ դուք օրինակ կծառայեք ձեր ընկերների և համադասարանցիների համար, ովքեր կտեսնեն, որ սեփական գիտելիքներով և ուժերով կարելի է հաջողության հասնել»,- ասաց նա։
Սահակյանը նաև շնորհակալություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ նշելով, որ բանկի գլխավոր հովանավորությունը զգացվում էր մրցույթի բոլոր փուլերում՝ կազմակերպումից մինչև մրցանակաբաշխություն։
Մրցույթի բացարձակ հաղթողը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ութերորդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը, ստացավ առաջին աստիճանի դիպլոմ՝ բանկում իր անունով «ՎՏԲ-Մանկություն» 500 հազար դրամի (մոտ 1,4 հազար ԱՄՆ դոլար) չափով դեպոզիտի բացումով ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից երեք տարի ժամկետով։ Հաղթողը նաև ավիատոմս ստացավ «Կենգուրու-2009» մրցույթի բոլոր հաղթողների համար նախատեսված ամառային ճամբար Ռումինիա մեկնելու համար։
Մրցույթի հաղթողներ ճանաչված տասներորդ դասարանցիներ Հայկ Թեփանյանը և Արմինե Հովհաննիսսյանը /Երևան/ ստացան երկրորդ աստիճանի դիպլոմներ բանկում իրենց անունով «ՎՏԲ-Մանկություն» 250 հազար դրամի (694 ԱՄՆ դոլար) չափով դեպոզիտի բացումով ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով։ Նրանք նույնպես Ռումինիա մեկնելու ավիատոմսեր ստացան։
Մյուս 11 մրցանակակիրներին ՎՏԲ-Հայաստան Բանկում կրթության համար վարկ ստանալու և սեպտեմբերի 1-ից արտոնյալ պայմաններով «ՎՏԲ-Մանկություն» դեպոզիտ բացելու հնարավորություն ընձեռվեց։
«ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի խոսքերով, մաթեմատիկան ստեղծագործական և օգտակար առարկա է, որովհետև մաթեմատիկայով զբաղվող մարդը զարգանում է բոլոր ուղղություններով, ստեղծագործական մոտեցում ունի ամենի նկատմամբ, ճիշտ մտածելակերպ ունի։
«Հույս ունեմ, որ ձեզանից, առաջին հերթին, լավ մարդիկ, պրոֆեսիոնալներ պետք է ստացվեն, իսկ եթե գաք մեզ մոտ աշխատելու՝ նաև գերազանց բանկային աշխատակիցներ»,- ասաց նա՝ դիմելով հաղթողներին։
Օվսյաննիկովը նաև հույս հայտնեց, որ բանկը հետագայում էլ կմասնակցի նմանատիպ ծրագրերին, և որ այս ծրագիրը պետք է շարունակական լինի Հայաստանում՝ հայ դպրոցականների գիտելիքների որակի բարձրացման, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության տեսանկյունից։ «Դա օգուտ կբերի մեզ բոլորիս և Հայաստանին ընդհանուր առմամբ»,- ասաց նա։
Իր հերթին, «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Մեսրոպ քահանա Արամյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկին էական աջակցության, այդ թվում՝ մրցույթին պատրաստվելու առումով։
«Այն, ինչ դուք արեցիք, լավ դաս կլինի նաև մյուսների համար, քանի որ մենք ասում ենք, որ առանց կրթության ապագա չունենք, բայց տնտեսության հիմնական խաղացողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում կրթության խնդիրներին»,- ընդգծեց նա։
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տեղի է ունեցել 2009 թվականի մարտի 19-ին, որին մասնակցել է շուրջ 5 մլն դպրոցական աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռումնինիայում, Վրաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում և Իսպանիայում։ Ըստ մասնակցության գործակցի, Հայաստանում կայացած մրցույթը ճանաչվել է երկրորդը Եվրոպայում։
Առաջին անգամ «Կենգուրու» մրցույթը կազմակերպվել է 1991 թվականին Փարիզում, իսկ 1994 թվականից այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ -0-