ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեքշաբթի աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ` ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, Սևանի հիմնախնդիրների համատեքստում անդրադարձ է եղել նաև «Սևան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության լրամշակված տարբերակին, որը ներկայացրել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում առաջարկություններ ու դիտողություններ են հնչել «Սևան» ազգային պարկի կառավարման խնդիրների, վերահսկողական գործառույթների վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ խորհրդակցության մասնակիցներն անհրաժեշտ են համարել կատարվող աշխատանքներում որպես ելակետ ընդունել Սևանի պահպանման խնդիրները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Սևանի խնդիրներով շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավումը և համագործակցված աշխատանքը:
Կարեն Կարապետյանն առաջնահերթ է համարել Սևանի ամբողջ ավազանի պատշաճ վերահսկողությունը, տարիների ընթացքում կուտակված խնդիրների վեր հանումը և դրանց համապարփակ լուծումներ գտնելը:
Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել հանձանժողովի աշխատանքի մասին` նշելով, որ հանրապետության նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարականները ներառված են աշխատանքային ծրագրերում և դրված են գործողության մեջ: -0-