ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի 2009 թվականի հունվար-մայիս ամիսների արտաքին առևտրաշրջանառության 24,2 տոկոսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Վիճակագրության տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների միջև։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 33,6%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 30,7%-ը՝ ԵՄ երկրներին։
2009թ. հունվար-մայիս ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 20,6%-ով և կազմել 317,7 մլն ԱՄՆ դոլար։
Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 33,3 մլն դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 15,1%-ը)՝ 58,2%-ով կրճատվելով 2008թ. հունվար-մայիս ամիսների համեմատությամբ։
Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 284,4 մլն դոլար՝ կրճատվելով 11,3%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 205,4 մլն դոլար (անկում 20 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 18,8%-ը։
2009թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 33,7% -ով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 1312,1 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 220,1 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 1092 մլն դոլար։ --0—