ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրանում ներքաղաքական ճգնաժամ չկա, չնայած որ արևմտյան ԶԼՄ-ները փորձում են իրավիճակը Իրանում ներկայացնել հենց այդպես, չորեքշաբթի Երևանում Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հայաստանում Իրանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:
«Վերջին նախագահական ընտրություններն Իրանում փայլուն անցան: Չնայած իրադարձությունները Իրանում որպես հեղափոխության փորձ ներկայացնելու արևմտյան երկրների ջանքերին՝ ԱՄՆ-ի և Անգլիայի գլխավորությամբ, պետությանը հաջողվեց հարթել առկա խնդիրները»,- ասաց Սաղայանը:
Նրա խոսքերով, իսլամական հեղափոխությունից հետո, երբ Իրանը բացարձակապես ինքնաբավ պետություն դարձավ, Արևմուտքից անկախ, արևմտյան երկրները ժամանակ առ ժամանակ փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում:
«Իրանը, լինելով կրոնական ժողովրդավարության երկիր, ոչ ասաց ժողովրդավարության արևմտյան մոդելին: Այդուհանդերձ, Իրանը պատրաստ է համագործակցել բոլոր պետությունների հետ, որոնց շահերը չեն հակասում Իրանի շահերին»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ արևմտյան ԶԼՄ-ները սխալ հասարակական կարծիք ձևավորելու և Իրանի միջազգային հեղինակությունը փչացնելու նպատակ ունեն:
Դեսպանի խոսքերով, Իրանը, անխոս, բարեփոխումների կարիք ունի, բայց դրանք պետք է բխեն հանրապետության առանձնահատկություններից ու արժեքներից, ոչ թե բերվեն դրսից: -0-