ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ որակապես նոր առաջարկներ ակնկալել պետք չէ, «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանելիս ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, ԼՂՀ հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ և Ֆրանսիայից հունիսի 26-ին Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում առաջ են քաշել նոր փոխզիջումային առաջարկներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Նոր առաջարկների բովանդակությունը չի հստակեցվում: Տվյալ առնչությամբ համանախագահները որոշում են ընդունել հուլիսի սկզբին այցելել Հայաստան ու Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ միևնույն ամսի կեսերին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպումը կազմակերպելու համար:
«Որակական փոփոխություններ ու առաջարկներ փաթեթային առումով պետք չէ սպասել, ավելի շուտ խոսքը ոչ թե փաթեթային առաջարկների, այլ անհամաձայնեցված կետերի շուրջ նոր մոտեցումների ու դիրքորոշումների դրսևորման մասին կլինի, ինչը թույլ կտա փոփոխել բանակցությունների գործընթացը»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Բեքարյանը:
Ինչպես կարծում է փորձագետը, մոտ ժամանակներում, երբ համանախագահներն այցելեն տարածաշրջան կամ հանդիպեն նախարարների կամ նախագահների հետ, նրանց կողմից ինչպես միշտ տեղի կունենա «ծրագրված արտահոսք» այն մասին, թե ինչ են ենթադրում նոր փոփոխությունները:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-