Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը օբյեկտիվ գնահատական է պարունակում իր մեջ երկրում տիրող իրավիճակի մասին և սահմանում առաջնահերթությունները, որոնց պետք է հետևել, ասաց ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Մեզ հաջողվել է օբյեկտիվ բանաձևի հասնել: Ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ-ն կարծում է, որ Հայաստանում բավարար հիմք կա քաղաքական ուժերի միջև երկխոսություն անցկացնելու ու ընդլայնելու համար»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը:
Հունիսի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվում էր, թե ինչպես է Հայաստանը իրականացնում Վեհաժողովի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևեր կատարման գործընթացը։ ԵԽԽՎ նիստում Հայաստանի մասով ընդունվեց նոր՝ №1677 բանաձևը, որի համաձայն երկիրը կշարունակի մնալ մոնիտորինգի ներքո։
Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած 4-րդ բանաձևի դրույթները, որն իր բովանդակությամբ ինչ-որ տեղ նախորդ երեք փաստաթղթերն ընդհանրացնող բնույթ ունի:
Նրա խոսքերով, բանաձևում առաջին հերթին ողջունվում են Հայաստանում ավելի քան մեկուկես տարում ընթացող գործընթացները, ինչպես նաև կարևորվում են մի շարք փոփոխություններ, այդ թվում ՔՕ-ում:
«ԵԽԽՎ-ն իր տեսակետն է արտահայտել նաև համաներում կիրառելու առնչությամբ, նշելով, որ մասնավորապես, կշարունակվի մոնիտորինգն այն անձանց քրեական գործերի վերաբերյալ, որոնք համաներման տակ չեն ընկել»,- ասաց նա:
ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:
Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում: Համաներումը տարածվում է նաև հետախուզման մեջ գտնվող անձանց վրա, ովքեր կհանձնվեն իրավապահ մարմիններին մինչև 2009թ.-ի հուլիսի 31-ը:
Ընդ որում պատվիրակության ղեկավարը հավելեց, որ փաստաթղթում հատուկ շեշտադրվում է հետախուզության մեջ գտնվող անձանց հանգամանքը:
«ԵԽԽՎ դիրքորոշումն ու առաջարկն այն է, որ այդ մարդկանց ի հայտ գալու դեպքում, նրանք չպետք է ձերբակալվեն և պետք է ազատության մեջ լինեն դատավարության ընթացքում»,- ասաց նա:
Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2 իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է մեկ ամսվա ընթացքում Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնվելու իր մտադրության մասին։Մարտի 1-2 զանգվածային անկարգությունների մեղադրանքով հետախուզության մեջ է գտնվում նաև ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ.-ի նախագահական ընտրություններում սատարել է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հարությունյանի խոսքերով, փաստաթղթում դիտարկվում է նաև մի քանի օրենսդրական փոփոխություն, այդ թվում, «հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում:
«ԵԽԽՎ-ն մի քանի հարց է բարձրացնում, որոնց հատուկ կարևորություն ու առաջնահերթություն է տրվում և դրանցից հիմնականը ԸՆտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությունն է»,- ասաց նա:
Ընդ որում խորհրդարանականն ընդգծեց, որ մոնիտորինգի գործընթացը կշարունակվի նորմալ հունով:
«Եվրախորհրդի անդամ-պետությունների մեկ երրորդը, կամ այլ կերպ ասած, 11 երկիր, իրենից երկարատև գործընթաց ներկայացնող մոնիտորինգի փուլում են գտնվում, որը կավարտվի ոչ այսօր, ոչ վաղը, և վստահ եմ, ոչ էլ 1-2 տարի անց»,- ասաց նա:
Այս առնչությամբ Հարությունյանը հավելեց, որ մոնիտորինգի գործընթացի ավարտից հետո կսկսվի հետմոնիտորինգային երկխոսություն, որն իր բովանդակությամբ գրեթե հավասարազոր է մոնիտորինգին:
«Տարբերությունը միայն այն է, որ եթե մոնիտորինգի փուլում ԵԽԽՎ-ն այդ հարցին վերադառնում է տարին մեկ կամ երկու անգամ, ապա հետմոնիտորինգային երկխոսության շրջանում Վեհաժողովն այդ թեմային վերադառնում է ընդհանուր տարեկան զեկույցների շրջանակներում, մասնավորապես, «Ժողովրդավարական իրավիճակը ԵՄ անդամ-պետություններում» կամ «Մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը» և այլն»,- պարզաբանեց նա:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-