ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկը» կարող է բրազիլացի հարձակվող ունենալ: Խոսքը հանրապետության վերջին երկու առաջնության բրազիլացի լավագույն հարձակվող Մարկոս Պիզելիի մասին է, ում պայմանագիրը հունիսին ավարտվում է երևանյան «Արարատի» հետ:
«Փյունիկ» ՖԱ մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեց, որ ակումբը հետաքրքրված է Պիզելիով, բայց ընդգծեց, որ ոչ մի պայմանագիր նրա հետ չի կնքվել:
«Պայմանագիր դեռ չի ստորագրվել: Փաստաթուղթը պատրաստվում է, բայց այն դեռևս ստորագրված չէ, և պարզ չէ, թե երբ Պիզելին կսկսի հանդես գալ «Փյունիկում»»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է «Արարատ» ՖԱ-ի հետ ֆուտբոլիստի պայմանագրին, ապա Դանիելյանը նշեց, որ հունիսի 30-ից հետո Պիզելին ազատ գործակալ կդառնա, և նրա տեղափոխման համար ակումբից թույլտվության անհրաժեշտություն արդեն չի լինի:
Մարկոս Պիզելին 2007 և 2008թթ.-ի Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների լավագույն ռմբարկու է դարձել համապատասխանաբար 17 և 22 գնդակով: Նա նաև երկու հանդիպում է անցկացրել ՀՀ ազգային հավաքականի կազմում, իսկ Մոլդովա-Հայաստան խաղում գոլի հեղինակ դարձել:
«Արարատ» /Երևան/ ՖԱ սեփականատեր, խոշոր գործարար Հրաչ Կապրիելյանի ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ ունեցած բախումից հետո, Մարկոս Պիզելին և երևանյան «Արարատի» ևս մի շարք խաղացողներ ակումբի տիրոջ նախաձեռնությամբ երևանյան «Արարատից» տեղափոխվել են փարիզյան «Արարատ», որը ևս պատկանում է Կապրիելյանին:
Փարիզյան «Արարատը» հանդես է գալիս Ֆրանսիայի առաջնության 5-րդ դիվիզիոնում և սիրողական մակարդակի ակումբ է: -0-