ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հայտարարված համաներումը ընդդիմությանը հերթական անգամ երկխոսության կանչելու հրավեր էր, կարծում է եվրաինտեգրման հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Այսպիսով, ՀՀ իշխանությունները դարձյալ առաջարկություն արեցին իրենց քաղաքական ընդդիմադիրներին երկխոսություն սկսել առկա խնդիրների լուծման համար»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:
Ինչպես հիշեցրեց Զոհրաբյանը, ներկայում համաներմամբ ազատ եէ արձակվել 215 մարդ, իսկ համաներումը հիմք է հանդիսացել քաղաքական դժվարությունների հաղթահարման համար:
Նրա խոսքերով, 2008թ.-ի մարտի 1-2 դեպքերից հետո երկրում ծայրահեղ լարված մթնոլորտ ստեղծվեց, որի թուլացման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ քայլ արեց:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-