Հայաստանի խորհրդարանի կողմից հունիսի 19-ին հայտարարված համաներման արդյունքում հունիսի 25-ի դրությամբ երկրի տարբեր քրեակատարողական հաստատություններից 215 մարդ է ազատ արձակվել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
«Հունիսի 25-ի դրությամբ ազատ արձակվածներից հինգը կանայք են և երեքը՝ անչափահասներ», - ասել է Բաբայանը:
Վարչության տվյալների համաձայն, հունիսի 25-ի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է 38 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 11 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 15 դատապարտյալ, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 5 դատապարտյալ:
Ըստ վարչության տվյալների, հունիսի 25-ից դրությամբ «Էրեբունի» ՔԿՀ-ից ազատվել է 53 դատապարտյալ, «Սևան» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 23 դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 24 դատապարտյալ, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 1 դատապարտյալ, «Մեղրի» ՔԿՀ-ից 8 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 10 դատապարտյալ:
Հունիսի 25-ի դրությամբ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատվել է 1 դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 7 դատապարտյալ:
ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:
Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում: Համաներումը տարածվում է նաև հետախուզման մեջ գտնվող անձանց վրա, ովքեր կհանձնվեն իրավապահ մարմիններին մինչև 2009թ.-ի հուլիսի 31-ը:-0-