ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը փորձում է փոխել ժողովրդագրական իրավիճակը հայաբնակ Ջավախքում, հայտարարեց ՀՅԴ քաղաքական հարցերով Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Վրաստանի անկախանալու առաջին իսկ օրվանից այդ երկիրը փորձում է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները Ջավախքում ժողովրդագրական իրավիճակը փոփոխելու համար։ Այդ գործընթացին է մասնակցում նաև Վրաց Ուղղափառ եկեղեցին»,- հայտարարեց Մանոյանը։
Նրա խոսքերով այս խնդիրը բարձրացվել է բողոքի ցույցի ընթացքում, որը նախօրեին անցկացվել է Երևանում Միխեիլ Սահակաշվիլու՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ։
Բողոքի ցույցը ծրագրված էր անցկացնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ: Սակայն ոստիկանությունը ցուցարարաներին հեռացրեց հրապարակից:
«Կարծում եմ, որ երեկվա ակցիայի կազմակերպիչների դիրքորոշումը հասցվել է Վրաստանի նախագահին։ Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքական որոշում է ընդունվել Սահակաշվիլուն հեռու պահել ցուցարարներից»,- հայտարարեց Մանոյանը։
Նրա խոսքերով, ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ակցիան մեծ արձագանք ստացավ։ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու իշխանություններն այնպես արեցին, որ Սահակաշվիլին չհասկացավ, թե որն էր իրական վիճակը, չէ որ Ջավախքը պետք է կապող օղակ լինի Հայաստանի ու Վրաստանի միջև»,- հավելեց Մանոյանը։
Ջավախքը գտնվում է Վրաստանի, Հայաստանի և Թուրթիայի սահմանների թնջուկում։ Այստեղի բնակչության բացարձակ մեծամասնությունը (տարբեր գնահատականներով 91-97%) հայեր են։ Սամցխե-Ջավախեթի միասնական մարզի բնակչությունը կազմում է 238 հազ. մարդ։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հունիսի 24-25-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում:-0-