Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Երևանում քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հարցեր, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանը, զբոսաշրջության, կրթամշակութային կապերին առնչվող հարցեր և դրանց զարգացման հեռանկարները։
Նշվել է, որ տնտեսական համագործակցության խորացումը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը կնպաստեն երկու հարևան երկրների տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների նվազեցմանը։
ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, որը մեր երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի, բեռնափոխադրումների իրականացմանը, մաքսային մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Զրույցն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում։-0-