Տեղատարափ անձրևների պատճառով ջրածածկ են եղել ավտոճանապարհի մի հատվածն ու բնակելի տների նկուղները
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 23-ին Վայոց ձորի մարզում տեղացած անձրևի հետևանքով առաջացած սելավը վնասել է Մալիշկայի գյուղամիջյան ճանապարհն ու եզրաքարերը՝ մոտ 40 մ երկարությամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից, նաև ջրալցվել են մի քանի տան նկուղներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհը դարձել է երթևեկելի: Կատարվել են նաև ջրահեռացման աշխատանքներ:
Հաղորդագրության համաձայն՝ նույն օրը երեկոյան ահազանգ է ստացվել, որ տեղացած անձրևի հետևանքով ջրալցվել են Երևանի Գաջեգործների փողոցի մի քանի բնակելի տներ:
Դեպքի վայր են մեկնել քաղաքապետարանի կոմունալ վարչության և Երևանի փրկարարական վարչության Էրեբունի համայնքային բաժնի ներկայացուցիչներ:
Տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո որոշվել է հունիսի 24-ին իրականացնել դիտահորերի մաքրման աշխատանքներ: -0-