«Ժառանգություն» կուսակցությունը դիմել է ընդդիմադիր ուժերին միավորման առաջարկով
«Ժառանգություն» կուսակցությունը դիմել է ՀՅԴ և ՀԱԿ ընդդիմադիր ուժերին` համապարփակ համագործակցության ստեղծման առաջարկով, ասվում է «Ժառանգության» հաղորդագրության մեջ։
«Ժառանգությունը» ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին առաջարկում է յուրաքանչյուր կողմից հավասար թվով պատվիրակ առաջադրել` համագործակցության համապարփակ շրջանակը, գործակցության սկզբունքները, հիմնախնդիրների լուծման ուղիներն ու ժամանակացույցը մշակելու, դրանք կողմերի հաստատմանը ներկայացնելու և իրականացումը կազմակերպելու համար:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ժառանգությունը» ողջունում է ընդդիմադիր ուժերի համախմբմանն ուղված ընդդիմության ցանկացած նախաձեռնություն։
Այս ոգուն համահունչ է համարվում 2009թ. հունիսի 8-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային առաջարկը` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև խորհրդակցությունների շարք սկսելու, համագործակցության նոր բանաձև փնտրելու և ընդդիմադիր խորհրդատվության ավանդույթ ստեղծելու վերաբերյալ։
«Ժառանգությունը» դրականորեն է արձագանքում հունիսի 12-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցության ծրագրահենքին, որի 12 կետերը ներառում են այնպիսի հիմնախնդիրներ, որոնց «Ժառանգություն» կուսակցությունը տարիներ ի վեր հետամուտ է։
Իր հերթին «Ժառանգությունն» առաջարկել է համագործակցության իր ծրագիրը՝ բաղկացած 5 կետից. մարդու իրավունքների պաշտպանություն և Հայաստանում սոցիալական արդարության հաստատում, քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխում, մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի բացահայտում, դրանց հեղինակների պատասխանատվության սահմանում և պահպանվող քաղաքական-համակարգային ճգնաժամի հետևանքների վերացում, ԼՂՀ անկախության ճանաչում, հայ-թուրքական հարաբերությունների հայանպաստ և ազգային անվտանգության հռչակված նպատակներից բխող կարգավորում: -0-
ՙ