Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 85-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմի ցուցադրությունը երեքշաբթի տեղի ունեցավ ՀՀ Ազգային գրադարանում։
Միջոցառման ժամանակ կազմակերպվել էր նաև Շառլ Ազնավուրին նվիրված գրքերի, լուսանկարների և հրապարակումների ցուցահանդես։
«Մենք միշտ պետք է հիշենք մեր ազգային մեծությանը։ Շառլ Ազնավուրը մեծություն է, և պետք չէ նրան նվաստացնել՝ անվանելով սոսկ շանսոնյե։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Շառլ Ազնավուրը մեր հայրենակիցն է, քանի որ Հայաստան ու Շառլ Ազնավուր հասկացությունները աշխարհի բոլոր կրթված մարդկանց համար նույնական են»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց «Շառլ Ազնավուր բանաստեղծը» գրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի հայ գրականության ու մեթոդաբանության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը։
Նրա խոսքերով՝ Ազնավուրը շատ բազմակողմանիորեն զարգացած մարդ է։ «Նա ոչ միայն հիասքանչ կատարող է, այլև հրաշալի հեղինակ ու դերասան»,- նշեց Դոլուխանյանը։
Շառլ Ազնավուրը (իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ Հայաստանից տեղափոխվածների ընտանիքում։
Ազնավուրն առաջին ֆրանսիացի կատարողն էր, որը Եվրոպայում պլատինե սկավառակ ստացավ:
1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական ասոցիացիան և տուժածներին օգնելու համար մի քանի ակցիաներ կազմակերպեց։
1995թ.-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, իսկ 2009թ. մայիսի 6-ին նա նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:--0--