ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի մասնակցել է «Տոյոտա-Երևան» ավտոցուցասրահի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: ՀՀ նախագահը շրջել է ցուցասրահում, ընկերության ներկայացուցիչների հետ զրուցել «Տոյոտա-Երևանի» գործունեությանն առնչվող հարցերի շուրջ:
«Մենք իրականացրել ենք «Տոյոտայի» առջև մեր ստանձնած պարտավորությունները՝ կառուցելով միջազգային չափանիշներին համապատասխանող սրահ», - բացման արարողության ժամանակ հայտարարեց «Տոյոտա-Երևան» ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանը:
«Տոյոտա-Կովկաս» ընկերության ղեկավար Թադամասի Յամադան իր հերթին նշեց, որ «Տոյոտան» ավտոմեքենաների առաջատար համաշխարհային արտադրողներից մեկն է, ունի ավանդույթներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ միաժամանակ ավելացնելով, որ ընկերությունն արտադրում է յուրաքանչյուր շուկայի համար հատուկ հարմարեցված մեքենաներ: Նա երաշխավորեց «Տոյոտայի»՝ ինչպես ներկա, այնպես էլ ապագա տերերին, որ մեքենաների սպասարկումն իրականացվելու է բարձրագույն մակարդակով:
«Տոյոտա-Եվրոպա» ընկերության նախագահ Լուիջի Ռուբինաչին իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Մայրապետյանին, ինչպես նաև ընկերության բոլոր աշխատակիցներին՝ ընկերության զարգացման գործում ներդրում կատարելու համար:
Մայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2006թ.-ից, երբ «Տոյոտա-Երևան» ընկերությունը Հայաստանում «Տոյոտայի» պաշտոնական մատակարար էր ճանաչվել, այս մակնիշի մեքենաների վաճառքը զգալիորեն գերազանցեց բիզնես-ծրագրով նախատեսված ծավալները: Այսպես, 2007թ.-ին նախատեսվում էր վաճառել 250, իսկ 2008թ.-ին՝ 300 մեքենա: Այն դեպքում, երբ 2007թ.-ին վաճառվել է ավելի քան 500, իսկ 2008թ.-ին՝ ավելի քան 1100 մեքենա:
Նրա խոսքերով, նման հաջողությունը բացատրվում է «Տոյոտայի» ապրանքանիշով, որը լավագույնն է Հայաստանի համար: Մայրապետյանը նշեց, որ գին-որակ հարաբերակցության տեսակետից «Տոյոտան» լավագույնն է, քանի որ մրցակիցների՝ որակի տեսակետից նմանատիպ մեքենաներն ավելի թանկ են:
Նա նաև ավելացրեց, որ չնայած, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով վաճառքի ծավալները, 2008 թ.-ի ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 40 տոկոսով՝ վաճառքի անկումն ամեն դեպքում ցածր է, քան մրցակիցների մոտ է:
Վաճառքի ծավալների անկումը նա բացատրեց, առաջին հերթին, նրանով, որ բանկերը կրճատել են մեքենաների գնման համար տրամադրվող վարկերի ծավալներն ու քանակը:
Սրահի և սպասարկման կենտրոնի կառուցումը սկսվել էր 2008թ.-ի փետրվարին: Աշխատանքների մեջ ներդրվել է 2,5 միլիարդ դրամ: Կենտրոնն ամսական կարող է սպասարկել 1500 մեքենա: «Տոյոտա-Երևանի» անձնակազմը բաղկացած է 50 աշխատակցից:
«Տոյոտա-Երևան» ընկերությունը Հայաստանում «Տոյոտայի» պաշտոնական մատակարարն է: Ընկերության շրջանառությունը 2007-2008թթ.-ին կազմել է 15 միլիարդ դրամ, իսկ ընկերությունը 4,4 միլիարդ դրամի հարկ է վճարել, ինչի շնորհիվ Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցրել է 18-րդ տեղը:-0-