Համաներումից հետո Հայաստանում խորացել է քաղաքական ճգնաժամը, կարծում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Մեր հաշվարկներով ևս 20 «քաղբանտարկյալ» համաներումից հետո կմնա բանտում: Գրեթե մեկուկես տարի տևող քաղաքական ճգնաժամը համաներումից հետո չի թուլացել, այլ հակառակը՝ խորացել է: Իշխանությունները որևէ ցանկություն չունեն դադարեցնել քաղաքական ճգնաժամը քաղաքական մեթոդներով», - երեքշաբթի լրագրողներին ասաց Շահնազարյանը:
Նրա խոսքերով, համաներումն իրականացվել է, առաջին հերթին, ժողովրդի ակտիվության պատճառով, և իշխանությունները պարտավոր էին գնալ նման քայլի նաև «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին հերթական ներկայացումը ցույց տալու համար»:
Հունիսի 24-ին Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից Վեհաժողովի՝ ավելի վաղ ընդունված բանաձևերի պահանջների կատարման գործընթացը:
Շահնազարյանը նաև համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում իշխանությունները ժողովրդի ճնշման տակ «ազատ կարձակեն բոլոր քաղբանտարկյալներին»:
«Իհարկե, համաներումը մասնակի հաջողություն է, քանի որ քանի դեռ Հայաստանում կա գոնե մեկ «քաղբանտարկյալ», պայքարը շարունակվելու է», - ընդգծեց Շահնազարյանը:
Նա նաև ավելացրեց, որ բոլոր «քաղբանտարկյալներին» ազատելու դեպքում ընդդիմությունը կնստի բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների:
ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք: Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում:
Հայկական իշխանությունները համոզված են, որ համաներումը կնպաստի երկրում քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ստեղծմանը: Մասնավորապես, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ համաներումը կօգնի հայկական հասարակությանը դասեր քաղել մարտի 1-2-ի դեպքերից և միաժամանակ թերթել այդ էջը՝ սկսելով կյանքը մաքուր էջից: ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանում համաներման հայտարարումը սպասված և ամբողջովին արդարացված քայլ է, որը երկրի համար ունի ինչպես մարդասիրական, այնպես էլ մեծ քաղաքական նշանակություն:-0-