Յոթերորդ ամենամյա սեմինարը ֆրանսերեն դասավանդողների համար Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կանցկացվի հունիսի 23-26-ը:
Ինչպես երկուշաբթի հայտնեցին Երևանում Ֆրանսիայի դեսպանատնից, սեմինարը կազմակերպվել է Հայկական Ալիանս ֆրանսեզի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի կողմից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ:
Սեմինարին կմասնակցեն Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, բուհերի և այլ ուսումնական հաստատությունների մոտ 200 ուսուցիչներ և դասախոսներ:
Սեմինարը կվարեն ՌԵՆ 2 համալսարանում ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդող դասախոս Ֆրեդերիկ Պոգամը, Ռոմանական բանահյուսության դոկտոր, Բելգիայի Ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի նախագահ, Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, գրող Ժակ Լըֆեվրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերեն լեզվի գծով համագործակցության կցորդ Կարին Բեքը, ԱՄՆ-ի Աբերդին քաղաքի Հյուսիսային պետական համալսարանի ժամանակակից լեզուների դեպարտամենտի տնօրեն Քեյսի Բլեյքը:--0--