«Գյումրի» գարեջրի գովազդի՝ հեռուստատեսային օրենսդրությանը համապատասխան լինելու մասին հարցը քննարկման թեմա է դարձել Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, օրենքի հնարավոր խախտումը ստուգել հանձնաժողովին խնդրել է «Հայկական գովազդային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը:
Խորհրդին էլ իրենց հերթին դիմել է «Երևան գարեջուր» ընկերությունը՝ խնդրելով պրոֆեսիոնալ բացատրություն տալ «Գյումրի գարեջուր» ընկերության գովազդային հոլովակի օրինականությանը:
Խոսքը ՀՀ մի շարք հեռուստաալիքներով արդեն տեւական ժամանակ հեռարձակվող «Գյումրի գարեջրի» գովազդի մասին է, որտեղ հեռուստաանիմացիայի օգտագործմամբ խեցգետինը «Գյումրի գարեջրի» ապրանքանիշով գարեջրի շիշը տեղադրում է մրցահարթակի առաջին տեղում:
«Երևան գարեջուր» ընկերությունում կարծում են, որ այսպիսով փորձ է արվում սպառողների մոտ թյուր կարծիք ստեղծել գարեջրի շուկայում ընկերությունների զբաղեցրած դիրքի ու դրանց վարկանիշի մասին:
Սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այլ կարծիքի է. հանձնաժողովը կարծում է, որ տվյալ հոլովակում անբարեխիղճ գովազդի տարրեր չկան, իսկ ինքը՝ գովազդը, չի կարող հասարակությանը թյուրիմացության մեջ գցել: -0-