ԱՄԷ ԱԳ նախարարի այցը կնպաստի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների զարգացմանը. ՀՀ ԱԺ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Այս մասին խոսնակը հայտարարել է նախօրեին ԱՄԷ ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ով հանգստյան օրերին երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աբրահամյանը կարևորել է հայ և արաբ ժողովրդների միջև պատմական ջերմ հարաբերությունները և նշել, որ ջանք ու եռանդ չի խնայի այդ կապերն ամրապնդելու համար:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և իրենց գոհունակությունը հայտնել այդ կապակցությամբ:
Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները և կազմակերպել երկու երկրների օրենսդիրների փոխադարձ այցելություններ:
Անդրադառնալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` կողմերը համաձայնել են, որ, այդ մարտահրավերը հաշվի առնելով, Երևանն ու Աբու Դաբին պետք է շարունակեն զարգացնել վերընթաց զարգացող երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը և փոխադարձ ներդրումների իրականացումը:-0-