Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, այլ ոչ թե գրգռի այն, ինչպես դա տեղի ունեցավ վերջին ժամանակներում, ասաց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:
«Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Մենք Հայաստանի համար չափազանց կարևոր ենք համարում այն, որ նա դուրս գա սահմանների շրջափակման ներկա իրավիճակից», - ասաց նա «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» կոնֆերանսի ժամանակ:
Միաժամանակ Կելինն ընդգծեց, որ պետք չէ թույլ տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հակասության մեջ մտնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
«Մենք կարծում ենք, որ այստեղ խոսքը երկու փոխլրացնող, բարդ և զուգահեռ գործընթացների մասին է, որոնց միջև որոշակի փոխկապակցվածություն կա», - ասաց նա:
Միաժամանակ Կելինը նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ երբևէ՝ միգուցե մոտ ժամանակներում, առաջընթաց տեղի ունենա, ապա դա կայունացնող գործոն կծառայի Կովկասի իրավիճակի համար:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից և նաև պահանջում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել Ադրբեջանի օգտին:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-