ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Թուրքիան ետ քայլ չի կատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների և հուսով ենք, որ Թուրքիան ևս կգնա այդ ճանապարհով», - ասել է Նալբանդյանը կիրակի Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Նալբանդյանի խոսքերով, այս գործընթացի շրջանակներում չի կարելի որևէ հարցեր լուծել՝ անելով փոխադարձաբար բացառող հայտարարություններ: «Եթե ցանկություն կա հարցեր լուծել դիվանագիտական միջոցներով, ապա դա հնարավոր է անել այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իրագործման միջոցով: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք ունենք նման հնարավորություն, և Հայաստանը կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
«Բազմաթիվ անգամ ասվել է, որ մենք մտադիր ենք անցնել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման ճանապարհով», - ասել է Նալբանդյանն՝ ավելացնելով, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար ծրագրվում է միջկառավարական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկկողմ հետաքրքրություն առաջացնող բազմաթիվ հարցերով:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և պահանջում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել Ադրբեջանի օգտին:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-