ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ կտրուկ բանաձևեր չեն ընդունվի, կարծում է հայ փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Չեմ կարծում, որ առաջիկա նստաշրջանում կընդունվեն նախորդ փաստաթղթերին նման որևէ հստակ բանաձևեր Հայաստանի վերաբերյալ։ Ես չեմ սպասում կտրուկ գնահատականներ մեր երկրի նկատմամբ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Իսկանդարյանը։
Նա կարծում է, որ ԵԽԽՎ-ը կսահմանափակվի ընդհանուր հայտարարություններով այն մասին, թե Վեհաժողովն ուսումնասիրել է Հայաստանում տիրող իրավիճակը, որոշակի հաջողություններ է գրանցել նախորդ պահանջների կատարման հարցում՝ միաժամանակ փաստելով, որ դեռ շատ աշխատանք պետք է կատարվի:
Նա հիշեցրեց, որ դիվանագետները խուսափում են առանձնապես կտրուկ շարժումներից։ Փորձագետի խոսքերով, նման միջոցներ ընդունվում են միայն ինչ-որ բան արմատապես փոխելու անհրաժեշտության դեպքում։
Հունիսի 15-17-ը Հայաստան էին գտնվում ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն։ Այցի նպատակը Հայաստանի կողմից ԵԽԽՎ №№1609, 1620 և 1643 բանաձևերի իրականացման գործընթացի մոնիտորինգն է եղել։
Այցի ընթացքում համազեկուցողները բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ -0-