ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «DigiTec Business» ցուցահանդեսը ընկերություններին հնարավորություն է տալիս ներկայացնել սեփական ձեռքբերումներն ու ծանոթանալ գործընկերների հաջողություններին, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
DigiTec business ֆորումն ու Microsoft նորարարական ֆորումը տեղի են ունենում Երևանում հունիսի 19-20-ին՝ «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով: Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և Հայաստանում Microsoft –ի ներկայացուցչությունը՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
«Նման միջոցառումները չափազանց կարևոր են, առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանում գործող ընկերությունները ներկայացնում են ոչ միայն իրենց նոր ապրանքները, ծառայություններն ու վերջին տարիների ձեռքբերումները, այլև կարող են ծանոթանալ այս տարվա ընթացքում իրենց մրցակիցների կողմից կատարված աշխատանքին», - ուրբաթ լրագրողներին ասաց Սարգսյանը ցուցահանդեսին ներկայացված ընկերություններին, ապրանքներին և ծառայություններին ծանոթանալու ժամանակ:
ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով՝ ցուցահանդեսի այցելուների համար այս միջոցառումը կարևոր է նաև այն բանով, որ այն հնարավորություն է ընձեռում ընտրություն կատարել սեփական բիզնեսի համար: «Մենք ինքներս պետք է օգտվենք այդ ծառայություններից և ապրանքներից կրթության ոլորտում մեր կողմից իրագործվող բարեփոխումներն իրականացնելիս և էլեկտրոնային կառավարման ժամանակ, իսկ դրա համար մենք պետք է տեղյակ լինենք առաջարկվող ծառայությունների և ստեղծված հնարավորությունների մասին», - ասաց նա:
Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարվա ցուցահանդեսի հետ համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 30 տոկոսով:
«Ինչպես մեզ հավաստիացրեց միջոցառման կազմակերպիչը, այս տարի այս ոլորտում 20 տոկոսանոց աճ է գրանցվել, ինչը ևս կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով ֆինանսական և տնտեսական ճգնաժամը, երբ մեր երկրի տնտեսական ցուցանիշները վատանում են: Ուրախալի է այն, որ մեծ ապագա ունեցող այս ոլորտը աճ է ապահովում», - եզրափակեց վարչապետը:
DigiTec Business ֆորումի շրջանակներում կիրականացվեն Microsoft Innovation ֆորումը, DigiTec Business ցուցահանդեսը, E-Fin էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանսը, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:
Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական լավագույն լուծումներ, խթանել գործարարության տարբեր ոլորտների զարգացումը տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
Ֆորումին կմասնակցի ավելի քան 1500 հայ ձեռներեց: Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» և «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունները, «Հայոց աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Առավոտ» թերթերը, «Արմնյուզ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները, ինչպես նաև panorama.am և tert.am էլեկտրոնային հրատարակությունները։--0-