Ուրբաթ Երևանում բացվող DigiTec-2009 ֆորումը նպատակաուղղված է ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնելուն և տնտեսության բոլոր բնագավառներում ՏՏ-ն կիրառելուն, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը:
«Պատահական չէ, որ այս ֆորումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը նպատակաուղղված է հիմնականում բիզնես-հանրությանը ՏՏ զարգացման ներկա մակարդակը ներկայացնելուն: Այն նաև հնարավորություն է ընձեռում փորձ փոխանակել, բացահայտել գոյություն ունեցող կարիքներն ու ներկայացնել լուծումներ, որոնք մենք պատրաստ ենք ուղղել զարգացմանը», - ասաց Դանիելյանը:
«ԱրմենՏել» հեռաղահորդակցական ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր հերթին ասաց, որ ընկերության համար ֆորումը նշանակալի իրադարձություն է, քանի որ ընկերությունը կապի միասնական և ունիվերսալ օպերատոր է, ներկայացնում է ՏՏ-ծառայությունների գրեթե ողջ շրջանակն ու այս կապակցությամբ Beeline ընկերության դերը ՏՏ արդյունաբերության զարգացման գործում պետք չէ թերագնահատել:
«Այս ֆորումը կոչված է մերձեցնել ՏՏ արտադրողներին և սպառողներին: Մենք, որպես ընկերություն, Հայաստանի շուկայում միաժամանակ և բարձր տեխնոլոգիական լուծումների պատվիրատու ենք, և հեռաղահորդակցական ծառայություններ տրամադրող: Ֆորումը հիանալի հնարավորություն է ինչպես ծառայություն տրամադրողների, այնպես էլ սպառողների համար, որպեսզի նրանք գտնեն միմյանց, ավելի լավ ծանոթանան նոր տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններին, որոնք մոտ ապագայում կներկայացվեն հանրապետությունում», - ասաց Կլիմկոն:
DigiTec business ֆորումն ու Microsoft նորարարական ֆորումը տեղի կունենան Երևանում հունիսի 19-20-ին՝ «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով:
Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական լավագույն լուծումներ, խթանել գործարարության տարբեր ոլորտների զարգացումը տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
Ֆորումին կմասնակցի ավելի քան 1500 հայ ձեռներեց:
DigiTec Business ֆորումի շրջանակներում կիրականացվեն Microsoft Innovation ֆորումը, DigiTec Business ցուցահանդեսը, E-Fin էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանսը, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:
DigiTec Business ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և Հայաստանում Microsoft –ի ներկայացուցչությունը՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» և «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունները, «Հայոց աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Առավոտ» թերթերը, «Արմնյուզ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները, ինչպես նաև panorama.am և tert.am էլեկտրոնային հրատարակչությունները։--0-