ՀՀ նախագահն այցելեց Երևանի պետական համալսարանի քննական կենտրոն, որտեղ հայոց պատմություն և քիմիա առարկաների ՄՊՔ է անցկացվում

19.06.2009, 11:29
ՀՀ նախագահն այցելեց Երևանի պետական համալսարանի քննական կենտրոն, որտեղ հայոց պատմություն և քիմիա առարկաների ՄՊՔ է անցկացվում
ՀՀ նախագահն այցելեց Երևանի պետական համալսարանի քննական կենտրոն, որտեղ հայոց պատմություն և քիմիա առարկաների ՄՊՔ է անցկացվում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ այցելեց Երևանի պետական համալսարանի քննական կենտրոն, որտեղ անցկացվում է հայոց պատմություն և քիմիա առարկաների միասնական պետական քննությունը (ՄՊՔ):

Հայոց պատմություն առարկայից քննություն է հանձնում 3572 դիմորդ, քիմիա առարկայից՝ 1330 դիմորդ:

Նախագահը մասնակցեց քննական թեստերի փաթեթների բացմանը և դիմորդներին հաջողություն մաղթեց:

Քննությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս տարի բոլոր քննություններից միջին բալն ավելի ցածր է, քան նախորդ տարի՝ բացատրելով այդ հանգամանքը թեստերի բարդությամբ:

«Զարգացած երկրներում թեստերի կազմումը մի ողջ գիտություն է, իսկ մեզ մոտ այդ մշակույթը կայացման փուլում է: Այնուամենայնիվ, տարեցտարի առաջընթացն ակնհայտ է», - լրագրողներին ասաց նախարարը:

Աշոտյանը նաև զրուցեց դիմորդների ծնողների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ այս տարի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 15 առարկայից ՄՊՔ հանձնող շրջանավարտների թիվը կազմում է 19 164 մարդ:

Այս տարի ՄՊՔ-ն անցնում է երկու փուլով՝ առաջինը կավարտվի հունիսի 20-ին: Հուլիսի 2-10-ը անցկավելիք երկրորդ փուլի ժամանակ քննություն կհանձնեն բանակից զորացրված, օտարերկրյա դիմորդներն ու հարգելի պատճառներով առաջին փուլին բացակայած դիմորդները:

Հայաստանում ՄՊՔ-ն առաջին անգամ անցկացվել է 2007 թ.-ի հունիսին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  1442 քննական կենտրոններում: ՄՊՔ-ի անցկացումից ի վեր դրան մասնակցել է դպրոցների ավելի քան 50 հազ. շրջանավարտ:-0-