Սիրիան պատրաստ է օգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:
«Սիրիայում մենք հաճույքով ընդունեցինք այն քայլերը, որոնք ուղղված էին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Ես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայտնեցի, որ մենք պատրաստ ենք օգնել, որ այդ քայլերն առաջ շարժվեն»,- ասաց նա:
Սիրիայի նախագահի խոսքերով, դա մի կողմից պայմանավորված է Հայաստանի և Սիրիայի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Սիրիայի միջև առկա սերտ հարաբերություններով:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-