Հունիսի վերջին Վրաստանի նախագահ Սահակաշվիլու առաջիկա այցը Հայաստան արդյունավետ կլինի երկկողմ հարաբերությունների հաստատման համար, չորեքշաբթի ասաց ՀՀԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը «Ջավախահայերի խնդիրներն ու արտաքին մարտահրավերները» թեմային նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Սահակաշվիլու առաջիկա այցը Հայաստան դրական նշանակություն կունենա մեր երկրների համար: Որքան շատ հանդիպումներ լինեն պետական մակարդակով, այնքան ջավախահայերին հուզող ավելի շատ հարցեր կքննարկվեն»,- հայտարարեց Վարդապետյանը:
Նրա խոսքերով, այսօր Վրաստանի հայաբնակ տարածքում՝ Ջավախքում, կենսագործունեության տարբեր ոլորտների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, բայց առավել խոցելին սոցիալ-տնտեսական ասպեկտն է մնում: «Ջավախահայերի կենսամակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել գործազրկության խնդիրը, որը մինչ այժմ առանցքային է մնում»,- կարծում է Վարդապետյանը:
Վարդապետյանը հույս հայտնեց, որ պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում կարող են դիտարկվել Վրաստանի և Հայաստանի միջև կրկնակի քաղաքացիության հաստատման հարցեր, ինչը կհեշտացնի ջավախահայերի փոխադրումը ոչ միայն Հայաստան, այլև Ռուսաստան:
Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին գտնվող Ջավախքը բացարձակապես հայաբնակ տարածաշրջան է (տարբեր գնահատականներով՝ 91-ից 97 տոկոս)։ Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչության թիվը կազմում է 238 հազար մարդ։ -0-