ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկում մահացած չինացի մասնագետների անունները: Ինչպես «նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԻՆ Փրկարար ծառայությունից, մահացածների անուններն են` Լի Ջուան Սյուն, Լի Թուան Լի, Լի Ջիա և Յուան Փոլ Քսի:
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ ծխնելույզի վրա աշխատանքներ իրականացնելիս՝ շրջվել է շինարարական հարթակը, ինչի հետևանքով էլ 26 մ բարձրությունից վայր են ընկել շինարարները:
2006 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր, համաձայն որի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռք է բերում Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ակտիվները՝ նրա շինարարությանն և արդիականացմանն ուղղված աշխատանքներն ավարտելու պարտավորությամբ: Մրցակցային հիմքի վրա շինմոնտաժային աշխատանքների հիմնական կապալառու է ընտրվել է «Ջերմաէներգաշինմոնտաժ» թիվ 3 տրեստը (ՉԺՀ), որը միաժամանակ ապահովում է անհրաժեշտ բոլոր նախահաշիվային և ծախսվող նյութերի մատակարարումը:
«Հրազդան-5» ծրագրի իրագործումն անմիջականորեն կապված է կարևոր նշանակություն ունեցող Իրան-Հայաստան գազատարի կառուցման հետ: Մասնավորապես, համաձայնագրի համաձայն՝ «Հրազդան-5» էլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ՝ դառնալով Հայաստան ներկրվող իրանական գազի դիմաց վճարման միջոց:-0-