Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ տարավ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, էլ ավելի կխորանան, կարծում է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքագիտության թեկնածու Սևակ Սարուխանյանը:
«Մահմուդ Ահմադինեժադի նախագահության մոտակա չորս-հինգ տարվա ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի կխորանանան, քանի որ Իրանը կպահպանի կոնֆլիկտային իրավիճակը ԱՄՆ-ի հետ և կշարունակի ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարուխանյանը:
Միաժամանակ նա կարծում է, որ Իրանում ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանի հետ հարաբերությունները կպահպանվեին և կզարգանային նույն կերպ:
Սարուխանյանի խոսքերով՝ Հայաստանը Հարավային Կովկասում կարևոր երկրներից մեկն է, և մոտակա տարիներին կանցնեն հայ-իրանական ներդրումային խոշոր ծրագրերի ամենաակտիվ փուլերը, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթուղու, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի և նավթամուղի կառուցումը:
Միաժամանակ փորձագետը համոզված է, որ ինչ-որ առումով Հայաստանին շահավետ է, որպեսզի ամերիկաիրանական հարաբերությունները լարված մնան, քանի որ այդ պայմաններում Իրանը տարածաշրջանում մեծ ակտիվություն կդրսևորի, կզարգացնի համագործակցությունը Հայաստանի հետ, քան թե Վաշինգտոնի հետ երկխոսության առկայության դեպքում:-0-