Ծաղկաձորում հունիսի 22-ին տեղի կունենա «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամից:
Կոնֆերանսն անցկացնում է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպությունը՝ Երևանի պետական համալսարանի Մշակույթների և քաղաքակրթությունների խնդիրների ուսումնասիրման հայկական կենտրոնի հետ համատեղ:
Կոնֆերանսին ծրագրվում է քննարկել հետևյալ թեմաները՝ «Տարածաշրջանը երեք ծովերի (Միջերկրական, Սև և Կասպից) համակարգում: Հայաստանի դերը Կովկասում», «Միջազգային տրանսպորտային-էներգետիկ միջանցքների ռազմավարական դերը Հայաստանի և ողջ կովկասյան տարածաշրջանի համար», «Հայաստանը՝ տեղեկատվական և մշակութային հաղորդակցությունների դիտակետում»:
Միջոցառմանը կմասնակցեն պետական իշխանության մարմինների, գործարար հանրության ներկայացուցիչներ, քաղաքագետներ և փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից և Հարավային Օսեթիայից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հրավիրվածների թվում են, մասնավորապես, ՌԴ տրանսպորտի նախարարության Միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Անդրեևը, «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը, Հարավային Օսեթիայի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարար Ալան Կոլիևը, Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Ալբերտ Հովսեփյանը, Աբխազիայի Հանրապետության փոխվարչապետ Ալեքսանդր Ստրանիչկինը:-0-