Հայաստանում դեռահասների վերարտադրողական առողջության հարցերն են երեքշաբթի քննարկվում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, քննարկման ժամանակ կներկայացվեն այդ ոլորտում առկա խնդիրներն ու հարցերը, կատարված աշխատանքը:
«Դեռահասների վերարտադրողական առողջության հարցը բազմիցս քննարկվել է խորհրդարանի նիստերում, քանի որ վերարտադրողական առողջությունը երիտասարդ մարդու լիարժեք բարօրության երաշխիքն է»,- ասաց նա:
Քննարկմանը մասնակցում են նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, առողջապահության և կրթության ոլորտների մասնագետներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով՝ սա երիտասարդների վերարտադրողական առողջության թեմայով արդեն երկրորդ քննարկումն է:
«Առաջին քննարկումը կազմակերպվել է 2007 թ.-ին, որից հետո որոշ փոփոխություններ են կատարվել օրենսդրությունում»,- ասաց նա:
«Հազարամյակի մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրով հռչակած 8 նպատակից 3-ը անմիջականորեն վերաբերում է վերարտադրողական առողջությանը՝ մանկական մահացության իջեցմանը, մոր առողջության բարելավմանը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը»,- նշեց Բաբլոյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս նպատակներին հասնելու պարտավորություն է վերցրել իր վրա:
Նրա խոսքերով՝ ևս մեկ լուրջ խնդիր է մայրերի մահացությունը՝ հիմնականում պայմանավորված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով և աբորտներով երիտասարդ կանանց շրջանում:
Նա նշեց, որ 2007 թ.-ի տվյալներով՝ մայրերի մահացությունը Հայաստանում 10 հազար մարդուց 15 դեպք է կազմել:
«Մենք պետք է կրթենք մեր երիտասարդներին՝ փոխանցելով նրանց բոլոր անհրաժեշտ գիտելիքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը կանխելու համար: Այս ուղղությամբ դեռ հսկայական աշխատանք կա անելու»,- ասաց Բաբլոյանը: -0-