ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին ու Ժորժ Կոլոմբյեին ներկայացրեց երկրում համաներում հայտարարելու մասին իր դիրքորոշումը, հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համաներմանը, մարտի մեկի դեպքերի հետ կապված քրեական գործերում ներգրավված վկաների խնդիրներին. ինչպես նաև փաստահավաք խմբի գործունեությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարությունյանը նշել է, որ համաներումը պետք է տարածվի մարդկանց լայն շրջանակի վրա` նեռարյալ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ազատազրկված բոլոր քաղաքացիները:
«Հակառակ դեպքում համաներումը չի նպաստի հասարակական համերաշխության ձևավորմանը»,- կարծում է նա:
Վկաների հետ կապված խնդիրները քննարկելիս պաշտպանը նշել է, որ դեռևս 7-8 ամիս առաջ խոսել է այն մասին, որ պաշտպանի գրասենյակը ստանում է բանավոր բողոքներ վկաների նկատմամբ ապօրինի մեթոդների կիրառման վերաբերյալ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը պատշաճ ուշադրություն չեն դարձրել այդ հաղորդումներին` արդյունքում վկաները հրաժարվում են իրենց ցուցմունքներից դատարանում:
Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել հունիսի 19-ին երկրի խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու մասին, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված համաներում հայտարարելու հարցը:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0--