ՀՕԿ նախագահը պարգևատրեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցանակակիրներին
Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց սույն թվականի մայիսին Երևանում կայացած բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցանակակիրներին, նրանց անձնական և հավաքականի մարզիչներին, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, պարգևատրման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը:
Արարողությանը ներկա էին ոլորտի պատասխանատուներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվեց Երևանում, մայիսի 23-ից 30-ը։
Աշխարհի առաջնությանը մասնակցեցին Ալժիրը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Չինաստանը, Թայվանը, Կիպրոսը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Անգլիան, Էկվադորը, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Իրանը, Իռլանդիան, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Կորեան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Լեհաստանը, Պուերտո-Ռիկոն, Խորվաթիան, Ռումինիան, Ռուսաստանը, Շվեդիան, Թայլանդը, Թուրքիան, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Սերբիան և Հայաստանը ներկայացնող մարզիկները։ -0-