ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մասնակցել է Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մշակութային փառատոնին, որը տեղի է ունեցել նիդեռլանդական Թիլբուրգ քաղաքի «Արևելյան Եվրոպա» կենտրոնում:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից, փառատոնի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանը, ծանոթացնել այդ երկրներում զբոսաշրջության հնարավորություններին:
Փառատոնին մասնակցեցին Հաագայում հավատարմագրված Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, տարբեր քաղաքների համայնքային կառույցների ներկայացուցիչները:
Հայաստանի տաղավարը ձևավորել էին Հաագայում ՀՀ հյուպատոսությունը և Էյնդհովենի «Ալֆա-Երևան» հայկական համայնքը:
Ազգային տաղավարներին և խոհանոցին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել համերգ, որի ժամանակ ներկայացվել են նաև հայկական ժողովրդական երգերը, պարերն ու երաժշտությունը: -0-