ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիացի կինոռեժիսոր Լորեն Թյուելի «Առաջին շրջան» ֆիլմը, որում Ժան Ռենոն հայ գանգստերի դեր է կատարում, կբացի «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը Երևանում:
Թրիլեր ժանրի ֆիլմի սյուժեն բավականին հետաքրքիր է, որդին /դերում՝ Գասպար Ուլելյ/ հանդես է գալիս գանգստեր հոր /Ժան Ռենո/ գլխավորած հանցախմբի դեմ: Որդին ձգտում է այլ կյանքի՝ փորձելով դուրս գալ այդ շրջանից: Գործողությունները ծավալվում են Ֆրանսիայի հարավում՝ Ռիվյերա քաղաքում:
Չնայած ֆրանսիական «ծագմանը»՝ ֆիլմը ներկայացված է «Հայկական համայնապատկեր» մրցութային անվանակարգում:
«Այս ժանրում ներկայացված բոլոր ֆիլմերը ուղղակի կամ անուղղակի կապ ունեն հայերի հետ, պատմում են հայերի կյանքի մասին, լինի հայրենիքում, թե դրա սահմաններից դուրս, կամ այդ ֆիլմերի պատրաստումը տեղի է ունեցել անմիջապես կինոարդյունաբերության հայ ներկայացուցիչների մասնակցությամբ»,- լրագրողներին հայտնեց փառատոնի ծրագրային տնօրեն Միքայել Ստամբուլցյանը:
Փառատոնի ժամանակ «Առաջին շրջան» ֆիլմի հայկական պրեմիերային կմասնակցի անմիջապես ֆիլմի պրոդյուսեր, հայ-ֆրանսիացի հայտնի կինոպրոդյուսեր, դերասան Ալեն Թերզյանը:
Ալեն Թերզյանը միաժանակ նաև Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, «Ալթեր ֆիլմզ»(Alter films) պրոդյուսերական ընկերության և «Սեզար» կինոակադեմիայի նախագահը, երկար տարիներ Ֆրանսիայի պրոդյուսերների միության ղեկավարն է եղել:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնը, ըստ ավանդույթի, կունենա երեք հիմնական ծրագիր՝ խաղարկային և վավերագրական ֆիլմի միջազգային մրցույթ, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» մրցույթ։
Փառատոնին մասնակցելու է շուրջ 300 ֆիլմ՝ 60 երկրից։ Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—