Երևանում և մարզերում ծրագրվում է ԵՄ տեղեկատվական կենտրոններ ստեղծել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը:
Նրա խոսքերով` կենտրոնները կստեղծվեն Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության հաստատումից հետո:
Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները փաստաթղթի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր են քննարկել:
Անվտանգության խորհրդի նախագահն առաջարկել է եռամսյա ժամկետում քննարկման ներկայացնել ռազմավարության ընդհանուր դրույթները, դրանք քնարկել շահագրգիռ կառույցների հետ, իսկ 2010 թվականին լրամշակված փաստաթուղթը ներկայացնել հաստատման:
Եվրամիության` աշխատանքային խմբում ներգրավված փորձագետները պատրաստակամություն են հայտնել աջակցել ռազմավարության մշակման և ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծման աշխատանքներին` նշելով, որ դրանք կարևոր նշանակություն կունենան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում:-0-