ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։
Համաձայն հաղորդագրության` Վրացական ընկերությունը հունիսի 16-21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները:
«Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից` առանց սահմանափակումների»,- նշեցին ՀայՌուսգազարդից։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով:
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: --0--