ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարության և «Վարդանյանների ընտանիքի» հիմնադրամի հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում սկսել է նոր դպրոցի կառուցման աշխատանքները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հայաստան» հիմնադրամից:
Տեղեկատվության համաձայն՝ շինհրապարակ է տեղափոխվել շինարարության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան, սկսվել են հողային աշխատանքները:
Նոր դպրոցը նախագծված է 300 աշակերտի համար: Տասներկու դասասենյակից բացի նախատեսված են հատուկ դասասենյակներ քիմիա, ֆիզիկա, բուսաբանություն և ինֆորմատիկա առարկաների համար: Դպրոցը կունենա փակ մարզադահլիճ, գրադարան, բուժկետ, հանդիսությունների դահլիճ և 140 հոգու համար նախատեսված ճաշարան:
«Հիմնադրամի իրականացրած բազմատեսակ ծրագրերի շարքում դժվարանում եմ առանձնացնել ամենակարևորները, սակայն ուզում եմ նշել, որ դպրոցաշինական ծրագրերին վերաբերվում ենք առանձնակի պատասխանատվությամբ», - ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Համայնքի ղեկավար Գևորգ Բալայանը հավատում է, որ գյուղում նոր ու ժամանակակից դպրոցը կխթանի ուսման և դասավանդման գործընթացը:
Գործող դպրոցի մասնաշենքերը` կառուցված 1930 և 1968թթ-ին, վաղուց վթարային վիճակում են:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։
Գործունեության 16 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 185 միլիոն դոլարի ծրագրեր։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 102 դպրոց, 35 բուժհաստատություն:--0—