ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխարհում տեղի ունեցող սոցիալական երևույթների պրոֆեսիոնալ վերլուծությունը։
Այս մասին նա ասաց սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսի մի խումբ մասնակիցների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի տնօրեն Բյորն Վիտրոկի գլխավորությամբ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, Սարգսյանը հույս է հայտնել, որ 50 երկիր, 89 համալսարան և գիտահետազոտական կենտրոն ներկայացնող ճանաչված մասնագետները կառաջադրեն նոր գաղափարներ` հասկանալու առկա մարտահրավերները, վերլուծելու գլոբալ ճգնաժամի պատճառները, հետևանքներն ու հաղթահարման հնարավորությունները:
Այդ համատեքստում քննարկվել են սոցիոլոգների և կառավարությունների համագործակցության մեթոդներն ու եղանակները, կարևորվել է սոցիոլոգիական հետազոտությունների նշանակությունը կառավարության կողմից իրականացվող քաղաքականության ձևավորման գործում:
Հյուրերը ներկայացրել են իրենց երկրների փորձը, սոցիալական գիտությունների տեսական և մեթոդաբանական նվաճումները:
Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ հունիսի 11-14 անցկացվող 39-րդ համաշխարհային կոնգրեսի համակազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանն ու Հեռանկարային հետազոտությունների շվեդական կոլեգիումը։ -0-